2 օգոստոսի 2011 - 14:11 AMT
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում վառվել է Համահայկական խաղերի ջահը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում մասնակցել է 5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողության եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

«Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարեւոր ու խորհրդանշական մի միջոցառման: Հաշված րոպեներ անց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում կվառվի 5-րդ համահայկական խաղերի ջահը: Եվ սա պատահական չէ: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ:

Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաեւ այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարեւորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլեւ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության եւս մեկ դրսեւորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ եւ ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին:

Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաեւ արցախցի մոտ 100 մարզիկներ: Նրանք քրտնաջան աշխատել են եւ պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետեւենք խաղերի ընթացքին եւ մեր մարզիկների մասնակցությանը:

5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ եւ դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»,-ասել է Բակո Սահակյանն իր ելույթում: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:

Համահայկական խաղերը տեղի կունենա օգոստոսի 13-21-ը: Խաղերին կմասնակցեն շուրջ 100 արցախցի մարզիկներ: