2 օգոստոսի 2011 - 21:50 AMT
Արամ Մանուկյանը գտնում է, որ միգրացիան շարունակում է Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը մնալ

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի շրջանակում և անդրադառնալով իշխանությունների և ընդդիմության երկխոսությանը` նշել է, որ չի հավատում իշխանություններին և սպասում է սեպտեմբեր ամսին:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է միգրացիայի խնդրին` նշելով, որ դա Հայաստանի առանցքային խնդիրներից մեկն է: Նա հայտնել է, որ միայն 2011թ. առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 90 000 մարդ. «դա սեփական ժողովրդի ցեղասպանություն է»: Այս կապակցությամբ նա նշել է, որ եթե Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մոտ 350 հազ. հայ է զոհվել, ապա վերջին 3 տարում միգրանտների թիվն արդեն մոտենում է այդ թվին:

Նրա խոսքով, իշխանությունները միայն մեկ զգացում ունեն` վախի զգացում սեփական ժողովրդի առջև: «Աշխարհի ոչ մի երկրում 40 աստիճան տաքության ժամանակ այսքան ժողովուրդ չի հավաքվի»,- հայտնել է նա:

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկել է Ազատության հրապարակում երևանյան ժամանակով 20:00-ին: Ներկա պահին հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել, և նախորդ հանրահավաքների համեմատ սա ամենասակավաթիվն է: