Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանը Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ դատապարտման վճիռ է հրապարակել: Մ.Հազրոյանը մեղադրվում էր 2010 թ-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային գծում չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ վճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել և շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել և նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում: ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին ու նրա փաստաբան Էդմոն Մարուքյանին, որը հորդորել է դադարեցնել ֆիզիկական բռնությունը: