4 օգոստոսի 2011 - 15:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վիկ Դարչինյանը պատրաստվում է իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտին հայրենիքում

IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը արդեն գրեթե մեկ ամիս է գտնվում է Հայաստանում ու պատրաստվում է Պաուլյուս Ամբունդայի (Նամիբիա) հետ մենամարտին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հավաքն անցնում է Ծաղկաձորում, որտեղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանն ասել է, որ մարզումները լավ են ընթանում: «Իմ հետ մարզվում են Ազատ Հովհաննիսյանն ու Գաբրիել Տոլմայանը, որոնք նույնպես իրենց հերթական մենամարտերը կանցկացնեն Երևանում սեպտեմբերի 3-ին: Սպարինգները ես անցկացնում են տղաների հետ, քանի որ մինչ մենամարտը ընդամենը մեկ ամիս է մնացել, նախապատրաստական աշխատանքներն ու սպարինգները գագաթնակետին են հասնում: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ իմ մարզումների ընթացքից»,-ասել է Դարչինյանը:

Մենամարտից երկու շաբաթ առաջ Դարչինյանն ու նրա թիմը կշարունակեն մարզումները Երևանում, կլիմային ընտելանալու համար: Ամբունդայի մասին հայ բռնցքամարտիկը շատ բան չգիտի, սակայն առաջիկայում կուսումնասիրի մենամարտելու նրա ոճը: «Նրա մասին գիտեմ միայն այն, որ նա ձախլիկ է և ակտիվ բռնցքամարտիկ: Շուտով կստանամ տեսագրությունները և մարզիչի հետ միասին կուսամնասիրենք նրա մենամարտերը»:

Սեպտեմբերի 3-ին բռնցքամարտի սիրահարները երևանյան շոուի ընթացքում կտեսնեն հինգ մենամարտ, Դարչինյան-Ամբունդա մենամարտից բացի, չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Աֆրիկայից ու Նոր Զելանդիայից ժամանած բռնցքամարտիկները:

«Ես վաղուց էի ուզում մենամարտել հայրենիքում և ուրախ եմ, որ վերջարպես, իմ երազանքը կատարվեց: Կարծում եմ, որ երեկոն լավը կլինի և երկրպագուները մեծ հաճույք կստանան»,-խոստովանել է բռնցքամարտիկը:

ՖՈՏՈՇԱՐՔ