Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անիմաստ է համարում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկումը իշխանության ու ՀԱԿ-ի միջև ընթացող բանակցությունների շրջանակում: «Մենք հենց սկզբից ասացինք, որ դա անիմաստ քննարկում է»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում, նա հավելել է, որ եթե ընտրվել է բանակցությունների նման մոդել, ապա իշխանությունները պատրաստ են քննարկել ՀԱԿ-ի հետ նաև այդ հարցը: Սակայն, ըստ նրա, արտահերթ ընտրությունները չարիք են ցանկացած երկրի համար: Սահակյանը նաև հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները ձեռնտու կլինեն առաջին հերթին ՀՀԿ-ի համար, քանի որ ՀՀԿ-ն կհաղթի ընտրություններում: Իսկ ՀԱԿ-ի ձգտումն իշխանության նա բացատրեց նրանով, որ «ՀԱԿ-ը տեսնում է, որ բյուջեն լցվում է, կարելի է նորից իշխանության գալ ու սնանկության հասցնել երկիրը»:
Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ՀԱԿ-ի ու կոալիցիոն կուսակցությունների առաջին հանդիպումը: Հուլիսի 26-ի երկրորդ հանդիպման ժամանակ ընդունվեց առաջիկա բանակցությունների օրակարգը, բաղկացած երկու հարցից: ՀԱԿ-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակումը: Օգոստոսի 4-ի երրորդ հանդիպմանը քննարկվեցին առաջիկա բանակցությունների ընթացակարգային հարցերը: