ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարք Երևանում և մարզերում:
Հայասատանի պատմության թանգարանում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգայի արխիվի հետ համատեղ բացվելու է «Հայաստանի երեք հանրապետությունները. նվաճումներ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի հետ` բանկի հուշադրամների ցուցադրությունը: Հայասատանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունները «Հայփոստ» ՓԲԸ -ի և Հայաստանի ֆիլատելիստների միության հետ համատեղ ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության նամականիշերի ցուցահանդեսը: Հայասատանի նկարիչների միությունում բացվելու է անկախության տարիների գեղանկարչության ցուցահանդես «Անկախության գունապնակ» անունով:
ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համատեղ ձայնագրելու է Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ տարբեր կատարումներով:
«Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համտեղ մայրաքաղաքում և մարզերում անցկացնելու է «Անկախությունը վավերագրված»` վավերագրական կինոյի փառատոնը:
Պետական պատվերով հրատարակվելու են «Հայ կինո. անկախության տարիներ», «Անկախության 20 տարիները լուսանկարներում», «Անկախության սերունդ» ժողովածուները, ինչպես նաև` անկախության 20-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդեսի կատալոգը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: