Մանվել Մալոյանը 1982թ. աշխատել է Երևանի թիվ 1 մարզադպրոցում որպես թեթև ատլետիկայի մարզիչ, սակայն 1996թ. հեռացվել է աշխատանքից և Հայաստանի ֆեդերացիան այլևս չի կապվել նրա հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:
Ըստ Շահբազյանի, Մանվելի որդին՝ Դավիթ Մալոյանը չի զբաղվել թեթև ատլետիկայով, ուստի նա ոչինչ չի կարող ասել կրտսեր Մալոյանի մասին որպես մարզիկի կամ մարզչի:
Մալոյանների ընկերներից մեկը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց, որ Դավիթը վերջերս էր ամուսնացել և այս տարի մտադիր էր այցելել Հայաստան:
Օգոստոսի 9-ին հայաստանցի երկու մարզիչ, հայր և որդի, սպանվել են Գվատեմալայի մայրաքաղաքում: 60-ամյա Մանվել Մալոյանը և նրա 30-ամյա որդին՝ Դավիթ Մալոյանը սպանվել են օգոստոսի 9-ին, տեղի ժամանակով 17.30-ին Mateo Flores մարզադաշտի հարևանությամբ, որտեղ նրանք մարզում էին Գվատեմալայի թեթև ատլետիկայի ազգային հավաքականը: Ոստիկանությունը դիտորկում է սպանության դրդապատճառների մի քանի վարկած՝ չբացառելով կողոպուտի վարկածը: Կազմվել է մարդասպանի ֆոտոռոբոտը, որի հետախուզում է հայտարարվել: