Համաշխարհային զարգացումներում նկատվում է երկու իրար հակասող ծրագիր` կայուն զարգացում բոլորի համար և ոսկե միլիարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ թեև ողջ աշխարհում պնդում են, թե առաջնորդվում են կայուն զարգացում բոլորի համար ծրագրով, իրականում գործում է ոսկե միլիարդի ծրագիրը:
Բնապահպանը մանրամասնեց` նշանակում է, որ աշխարհում պետք է մնա 1 մլրդ հարուստ մարդ, և այնքան, որքան անհրաժեշտ է նրանց ծառայելու համար:
«Դա պարզորոշ երևում է Հայաստանի օրինակով: 20 տարվա ընթացքում առնվազն 1 մլն բնակչություն կորցրեցինք: Այն մենաշնորհը, որ Հայաստանում գործում է, դա հենց ոսկե միլիարդի հայաստանյան արձագանքն է: Մնացածի համար գործելու տեղ չի մնում, թողնում հեռանում ե».,- ասաց Կարինե Դանիելյանը: Բնապահպանը ելքը տեսնում է բարոյականության մեջ և նշում, որ բանական մարդը պետք է դառնա մարդ բանական ու բարոյական:
Աստղաբան էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կարծում է, որ ելքը կանանց իշխանության գալն է. «Կանայք իռացիոնալ են մտածում: Ռացիոնալ մտածելով` մենք ոչինչի այլևս չենք հասնի: Անգիտակցական մտածելակերպը կփրկի մեզ»: