16 օգոստոսի 2011 - 15:33 AMT
Միանգամից 4 թեկնածու է հավակնում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին հավակնում է միանգամից 4 մարդ, երեքշաբթի ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փետրվարի 28-ին ավարտեց իր գործունեությունը: Սեմնեբին պաշտոնավարեց հինգ տարի:

Ավելի վաղ քննարկվում էր մի շարք տարածաշրջաններում, այդ թվում նաև Հարավային Կովկասում ու Մոլդովայում հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացման տարբերակը: Ըստ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, այդ պաշտոնը պետք է համադրվեր Արտաքին գործերի եվրոպական ծառայության (EEAS) հետ:

Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է 25 երկրներում ԵՄ պատվիրակությունների ղեկավարների նշանակման մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար է նշանակվել Տրայան Խրիստեան: Նշանակվել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարը Թուրքիայում՝ ֆրանսիացի Ժան Մորիս Ռիպերը: Ըստ Էշթոնի, այդ նշանակումները 2011թ. պատվիրակությունների ղեկավարների ռոտացիայի մաս են կազմում: Պատվիրակությունների նորանաշնակ ղեկավարներից 16-ը ներկայացնում են ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ծառայությունները, 7-ը՝ Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունը և 2-ը՝ Եվրահանձնաժողովը:

Համապատասխան թեկնածությունները հաստատվելու են ընդունող երկրների համաձայնությունը ստանալուց հետո: