16 օգոստոսի 2011 - 16:09 AMT
Հղիության ընթացքում չափից շատ ուտելը երեխայի մոտ առաջացնում է ճարպակալում

Կյանքի առաջին վեց և պատանեկության տարիքները ամենավտանգավորն են ճարպակալման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանը: Նա նշեց, որ պատանիները կարող են հիանալ կամ սարսափել սեփական մարմնից, և եթե դժգոհ են, դա կարող է բերել ինքնագնահատականի անկման:

«Եթե երեխան գեր է, և հայրն ասում է` դու տգեղ ես, սխալ է»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ ծնողը պետք է սեփական օրինակով երեխային սովորեցնի առողջ ապրելակերպ:

«Եթե երեխային ասում են` չի կարելի 6-ից հետո ուտել, բայց ծնողը ուտում է, նույնպես սխալ է»,- ասաց Մարիաննա Ավետիսյանը՝ ծնողներին խորհուրդ տալով երեխաների հետ դուրս գալ զբոսանքի, անել մարմնամարզություն:

Բանախոսը նշեց, որ ճարպակալման նախադրյալները կարող են առաջանալ անգամ ներարգանդային զարգացման շրջանում. «Սխալ է, երբ կինը սկսում է շատ ուտել` հիմնավորելով դա հղիությամբ»:

Մարիաննա Ավետիսյանը գեր մարդկանց խորհուրդ տվեց չբարդույթավորվել սեփական մարմնից, քանի որ կարևորը հոգեբանական ներդաշնակությունն է, ներդաշնակությունը մարմի և հոգու միջև: