Համահայկական խաղերի ֆուտզալի հանդիպումներն անցնում են 3 մարզասրահներում՝ «Գրանդում», Սլավոնական համալսարանի դահլիճում և ֆուտբոլի ակադեմիայում:
«Գրանդում» Նոր Հաճնը հանդիպել է Մանչեսթերի հետ և հաղթել է 7:2 հաշվով: Անգլիական թիմը երրորդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին և, ինչպես ասաց թիմի խաղացող Պարույր Տեր-Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին, նրանց նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում շատ բան է փոխվել: Մարզադահլիճներն ու մարզադաշտերը գերազանց վիճակում են: Հիանալի է, որ մենք հանդիպեցինք աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի հետ»,-ասել է Տեր-Հարությունյանը:
Նոր Հաճնի ֆուտբոլիստ Սարգիս Բաբայանը խոստովանել է, որ նման մրցաշարերը օգնում են նոր կապեր ստեղծել աշխարհի հայության միջև. «Հաճելի է, որ սպորտի շնորհիվ բոլոր հայերը հավաքվում են Երևանում և ճանաչում են միմյանց: Կարծում եմ, որ Համահայկական խաղերի հիմնական խնդիրը դա է»:
Մյուս խաղերում հաղթեցին Երևանը, Թեհրանը, Բուենոս Այրեսը, Գյումրին, Նեկլինովկան, Վանաձորը, Մարսելը և Սան Պաուլուն: Մյուս խաղերը շարունակվում են: