16 օգոստոսի 2011 - 20:48 AMT
Լիբիա է վերադարձել փախստականների ավելի քան 70 տոկոսը

Լիբիա է վերադարձել փախստականների ավելի քան 70 տոկոսը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է «Միավորված պաշտպան» օպերացիայի հրամանատարության ներկայացուցիչ Լորան Լավուան:

«Գնահատականների համաձայն, լիբիացիների 70 տոկոսը կամ ավելին, որոնք հակամարտության սկսվելուց հետո առաջին ամիսների ընթացքում Թունիս էին փախել անվտանգության նկատառումներով, արդեն իրենց տուն են վերադարձել»,- ասել է Լավուան լրագրողներին Բրյուսելում: Նրա կարծիքով, այդ փաստը լիբիական ապստամբների ռազմական գործողությունների հաջողության վկայությունն է:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը, մի քանի օր անց գործողության հրամանատարությունն ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի ձեռքը: Գործողության մանդատը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն գործողությունը երկարացրեց 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

Ճգնաժամի սկզբից սկսած Լիբիայում ավելի քան 1 միլիոն մարդ է հատել Թունիսի և Եգիպտոսի հետ սահմանը, հունիսին հաղորդել է ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերրիշը: