17 օգոստոսի 2011 - 15:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ բնապահպանները զգուշացնում են Նորավանքի Մագելի քարանձավի սխալ շահագործման վտանգի մասին

Հայաստանի բնապահպանները զգուշացնում են Նորավանքի Մագելի քարանձավի սխալ շահագործման վտանգի մասին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, զբոսաշրջիկներին գրավելու համար վերջերս ներկայացվել է մի նախագիծ, որը հաստատվել է բնապահպանության նախարարության կողմից: Ըստ նրա, նախագծով նախատեսվում է զբոսաշրջիկների մուտքը թույլ տալ այդ քարանձավ, որտեղ բնակվում են չղջիկների հազվագյուտ տեսակներ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում: «Բացի այդ, քարանձավում էլեկտրական հոսանք է անցկացվել լուսավորության համար»,-ասել է նա: Նա հավելել է, որ դա փող աշխատելու հերթական միջոցն է:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարել է, որ նման որոշում կայացնելուց առաջ համապատասխան փորձաքննություն է անցկացվել: «Քարանձավները հարկավոր է պահպանել, իսկ դրա համար դրանք պետք է շահագործվեն, սակայն համապատասխան պայմաններում ու ռեժիմով, որպեսզի չխախտենք էկոհամակարգը»,-ասել է նա: Ըստ նրա, եթե քարանաձավին պատշաճ ուշադրություն չդարձվի, դա նույնպես կվնասի չղջիկներին: «Ուստի պետք է լինի ոմն մեկը, որը կկարգավորի մարդկանց այցելությունները, չխանգարելու համար չղջիկներին»,-ասել է Ապրեսյանը՝ հավելելով, որ աշխարհում դա ընդունված կարգ է:

ՖՈՏՈՇԱՐՔ