Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Էդուարդ Անտինյանը չեղյալ է համարում կուսակցության 19-րդ արտահերթ համագումարն ու նրա որոշումները, մասնավորապես, Հարություն Առաքելյանի ընտրությունը կուսակցության նախագահի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Անտինյանը նշել է, որ ժողովն ընթացել է բազմաթիվ խախտումներով, ուստի նա շարունակում է մնալ կուսակցության ատենապետը:
Նա հավելել է, որ Հարություն Առաքելյանը դեռ պետք է ապացուցի իր իրավունքները պետռեգիստրում: Անտինյանն ասել է, որ երբ պետռեգիստրը Հարություն Առաքելյանին կմերժի գրանցման հարցում, Անտինյանը մտադիր է անցկացնել կուսակցության նոր օրինական ժողով: Իսկ եթե Առաքելյանը գրանցվի, ապա նա հրապարակավ կշնորհավորի նրան և կշարունակի գործունեությունը մեկ այլ կուսակցությունում: Նա նշել է, որ ամեն դեպքում մտադիր չէ հրաժարվել քաղաքականությունից, ազատական հայացքներից կամ լքել Հայաստանը: Անտինյանը հավելել է, որ եթե պետռեգիստրը այնուամենայնիվ գրանցի Առաքելյանին, ապա ինքը չի բողոքարկի այդ որոշումը դատարանում: «Հաշվի առնելով, որ բոլոր լրագրողները մշտապես գրում են, որ բոլոր դատարանները վերահսկվում են կամ գտնվում են գործադիր իշխանության ազդեցության տակ, ինչ իմաստ ունի դատարան դիմելը»,-ասել է նա:
Վերջերս տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ պատգամավորական ժողովի ընթացքում որոշում է կայացվել կուսակցության շարքերից վտարել Էդվարդ Անտինյանին` հիմք ընդունելով վերջին ամիսներին նրա իրականացրած անօրինականությունները: Իր հերթի Անտինյանն այդ որոշումը համարում է չեղյալ: