18 օգոստոսի 2011 - 17:27 AMT
Ռուբեն Մելքոնյան. ԼՂ կարգավորման գործընթացի մեջ Թուրքիայի առավել ներգրավման համար նախադրյալներ չկան

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ հետաքրքրվածության և իր նշանակության բարձրացման պատրանք ստեղծելու Թուրքիայի հերթական փորձերը, ամենայն հավանականությամբ, անհաջողությամբ կավարտվեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մեկնաբանելով ղարաբաղյան հիմնահարցի ընդգրկումը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Աբդուլլահ Գյուլի հանդիպման օրակարգում` Մելքոնյանը նշել է, որ կարգավորման գործընթացի մեջ Թուրքիայի առավել ներգրավման համար նախադրյալներ չկան. «Թուրքիայի ներգրավումը միայն բացասական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Սակայն այս առնչությամբ նախադրյալներ չկան»:

Մելքոնյանի խոսքով, Թուրքիան միշտ ձգտել է տարածաշրջանում կարևոր պետության իմիջ ստեղծել, բայց, փորձագետի կարծիքով, թուրքական իշխանություններին դա չի հաջողվի, քանի որ իրենց հետաքրքրվածությունն անկեղծ չէ և միայն իմիտացիա է, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընդգրկումը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման օրակարգում ավելի շատ ինքնանպատակ է, քան հետաքրքրվածության նշան:

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել սեպտեմբերի 7-8-ին Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական ֆորումին մասնակցության շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման մասին:

Ռուսաստանի նախագահի հովանու ներքո անցկացվելիք ֆորումին մասնակցելու են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը: Մեդվեդև-Գյուլ հանդիպմանը կքննարկվեն նաև Իրանի միջուկային ծրագիրը, իրադրությունն Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում և Սիրիայում: