18 օգոստոսի 2011 - 18:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ժառանգություն»-ն ու կրպակատերերը հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանի հետ

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, կուսակցության երիտասարդական թևի բազմաթիվ ներկայացուցիչներ ապամոնտաժման սպառնալիքի տակ հայտնված կրպակատերերի հետ միասին այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց:

Կրպակատերերը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների ուղեկցությամբ երթով քայլել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ կայացել է նրանց ու մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանդիպումը: Կրպակատերերը Անդրեասյանին հանձնել են իրենց դիմումը, որով խնդրում են` 1. թույլ չտալ ապամոնտաժել իրենց աշխատավայրերը և օգնել դուրս գալ այս ծանր իրավիճակից, 2. ուսումնասիրել կրպակների ապամոնտաժման կապակցությամբ Երևանի քաղաքային իշխանությունների կայացրած բանավոր ու գրավոր բոլոր որոշումների, գործողությունների օրինականությունը` մարդու իրավունքների հարգման ու պաշտպանության տեսանկյունից և հանդես գալ պաշտոնական դիրքորոշում-հայտարարությամբ, 3. վիճարկել այդ որոշումների սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում, 4. հասարակության այս խմբի ոտնահարված իրավունքներին անդրադառնալ տարեկան զեկույցում, իսկ ավելի նախընտրելի է` արտահերթ զեկույցում, քանի որ խոսքը վերաբերում է մի քանի հազար մարդկանց իրավունքներին ու ճակատագրերին:

Կ.Անդրեասյանը հայտնել է, որ օգոստոսի 16-ի իր հայտարությունը գնահատական է տալիս Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժման ժամանակ քաղաքապետարանի ու ոստիկանության գործողություններին: Քաղաքային իշխանությունների որոշումները ՍԴ-ում բողոքարկելու կապակցությամբ նա ասել է, որ ժամանակ է պետք դրա իրավական հիմքերն ուսումնասիրելու համար:

Վաղն առավոտյան՝ ժամը 10:30-ին, կրպակատերերը «Ժառանգության» պատգամավորների ու ներկայացուցիչների հետ միասին հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ, որպեսզի Երևանի ավագանու բոլոր անդամներին փոխանցեն հարյուրավոր ստորագրությամբ 50-ից ավելի նամակներ, որոնցով պահանջում են հրավիրել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` կրպակների ապամոնտաժման, վարձակալության պայմանագրերի երկարացման և առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՖՈՏՈՇԱՐՔ