Հինգերորդ Համահայկական խաղերի բասկետբոլիստներն օրեցօր ավելի դիտարժան և գեղեցիկ խաղեր են ցուցադրում` հավաքելով լեփ-լեցուն դահլիճներ:
Վեցերորդ մրցութային օրը հանդիպեցին Լոս Անջելեսի և Կահիրեի թիմերը: Չնայած, որ Կահիրեի բասկետբոլիստներն ավելի վստահ էին սկսել խաղը և հաշվով առջևում էին, սկսած երկրորդ շրջանից կորցրեցին նախաձեռնությունը: Լոս Անջելեսը սկսեց ավելի ակտիվ գործել և 96:60 հաշվով հաղթանակ տարավ: Հաջորդ փուլում ամերիկյան թիմի մրցակիցը կլինի Թեհրանը, որը 77:60 հաշվով պարտության մատնեց Բուրչ Համուդին:
Ախալքալաքն ու Վիեննան առավելության հասան համապատասխանաբար Շահին Շահրի (66:52) և Թավրիզի (77:55) նկատմամբ, իսկ Բուենոս Այրեսը պարտության մատնեց Սիդնեյին (61:50): Գլենդել - Բեյրութ և Ստամբուլ – Սոչի հանդիպումները դեռ չեն կայացել:
Կանանցից շարունակում է հաղթել Գլենդելի թիմը, որը 80:23 հաշվով պարտության մատնեց Թավրիզին, իսկ Գյումրին առավելության հասավ Շահին Շահրի նկատմամբ (83:55): Հաղթանակ տարան նաև Թեհրանն ու Վիեննան, որոնց մրցակիցները չներկայացան հանդիպմանը: Սպահան – Երևան և Արթիկ – Ստեփանակերտ հանդիպումները դեռ չեն մեկնարկել: