19 օգոստոսի 2011 - 19:44 AMT
Ադրբեջանը հակահայկական քարոզչության համար օգտագործում է բոլոր հնարավոր միջազգային գրանտերը

Ադրբեջանական քարոզարշավը հնարամտորեն կիրառում է միջազգային,մասնավորապես` քաղաքական ուղղվածություն ունեցող գրանտերը հակահայկական քարոզչության առավել տարածման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Երբեմն անգամ առաջին հայացքից մշակութային գրանտերը նույնպես քարոզչական իմաստ են կրում, ինչպես, օրինակ, Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձը»,- նշել է նա:

Նման «միջոցառումները», որոնք կազմակերպում է ադրբեջանական կողմը, միանգամայն հետևողական բնույթ են կրում: Այդպես, կոծկված հակահայկական քարոզչության դեպք էր տեղ գտել վերջերս լեհական Բելոստոկ քաղաքում բացված «Ճանապարհորդություն դեպի արևելք» ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր 2011թ. երկրորդ կիսամյակում Եվրոպայի Խորհրդում Լեհաստանի նախագահության շրջանակում:

Ադրբեջանական մասնակից, նկարիչ Չինգիզը հանդիսատեսներին ներկայացրել էր ինստալլյացիա` Ադրբեջանի աշխարհագրական քարտեզի տեսքով, որը հավաքված էր մրգից ու բանջարեղենից: «Այս քարտեզն իմ երազանքն է այն մասին, թե ես ինչպիսին կուզենայի տեսնել իմ երկիրը, ինչպես նաև ողջ աշխարհը: Միրգն ու բանջարեղենը խորհրդանշում են տարբեր ռասայի և ճաշակի մարդկանց, որոնք կարող են միասին ապրել մի տեղ»,- նշել է աշխատանքի հեղինակը: Ամեն ինչ բավական հանդուրժողական էր թվում, եթե չլիներ մի մանրամասն, այն է` Արցախի Հանրապետության ընդգրկումն Ադրբեջանի տարածքի մեջ:

2010թ. կեսերին հայ հասարակական գործիչներից մեկը հայտարարեց Հայաստանում ադրբեջանական կինոֆիլմերի փառատոն անցկացնելու մտադրության մասին: Վրդովված հայ երիտասարդությունը բողոքի ակցիա կազմակերպեց Facebook սոցիալական ցանցում: Արդյունքում երևանյան բոլոր դահլիճների սեփականատերերը հրաժարվեցին տրամադրել սրահն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար: Փառատոնը ձախողվեց: