
Oգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները և համապատասխան մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցնեն նախատեսված ծրագրերին համապատասխան, բարձր մակարդակով, բոլոր շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: