19 օգոստոսի 2011 - 21:19 AMT
Աթանեսյան. Ամերիկացիները երիտասարդ ազգ են, գերադասում են «ճեղքելով անցնել», իսկ Արցախը` փորձով ստուգված ուղով գնալ

Ազգերն ու հասարակությունները, որոնց մասին այդպես «վերևից» գրում է The New York Times-ը, շատ երկար, երբեմն հյուծող, բայց ընդհանուր առմամբ միանգամայն հաջող պատմական ճանապարհ են անցել, որպեսզի արժանի լինեն ապրելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով The New York Times-ի հոդվածն այսպես կոչված «ֆանտոմային պետությունների» մասին, հաղորդում է Analitika.at.ua-ը:

«Մենք հասկանում ենք և անգամ գնահատում ամերիկյան հասարակայնության մտահոգվածությունն աշխարհում «ուրվական»-պետությունների առկայությամբ, ինչպես չճանաչված պետություններին որակավորել է The New York Times-ը: Սակայն ամերիկացիները, կարծում եմ, արժե խորանան այն պատճառների մեջ, որոնք ժողովուրդներին ստիպում են գերապատվությունը տալ «անջատված լինելուն»: Կոնկրետ մեր դեպքում դա առայժմ միակ ճանապարհն է ազգային նույնության պահպանման համար մի կտոր հողի վրա, որը հնում մեր Հայրենիքի մի մասն է եղել»,- նշել է Վահրամ Աթանեսյանը:

Իհարկե, ավելացրել է նա, ամերիկյան հասարակությունն այլ արժեքներով է դաստիարակվել: Սակայն դրան նա հասել է քաղաքացիական պատերազմի և ներհասարակական դաժան դիմակայության ճանապարհով: «Ինչպես ասում են` ամեն ինչն իր ժամանակն ունի, բայց այն հոգևոր-նյութական հիմքը, որին ապավինում է ժամանակակից ամերիկյան հասարակությունը, զուտ ամերիկյան «ձեռքբերում» է: Կյանքը շարունակում է իր ընթացքը, և պրակտիկան ապացուցում է, որ միշտ չէ, որ ամերիկյան հասարակության քարոզած «բաղադրատոմսերը» ժողովուրդների կողմից ընկալվում են որպես «սպեղանի բոլոր ցավերից»: Ավելի շուտ հակառակը. «ժողովրդավարական արժեքների ներդրման» գործընթացը վերջին ժամանակներս ձախողվում է: Սա դաժան իրականությունն է, որի հետ, ցավոք, միշտ չէ, որ հաշվի են նստում ամերիկացիները` պարբերաբար գործելով նույն սխալները: Ամերիկացիները երիտասարդ ազգ են և գերադասում են «ճեղքելով անցնել»: Իսկ մենք գերադասում են փշոտ ճանապարհը, որը, սակայն, պատմական փորձով ստուգված ճանապարհ է: Մենք չենք ժխտում այն լավը, որ կա բազմաթիվ մշակույթները «մի կաթսայի մեջ ձուլելու»` ամերիկյան փորձի մեջ: Բայց դա համաշխարհային պրակտիկայում հայտնի միակ փորձն է: Երկրագնդի մյուս ծայրերում վարքի այլ նորմեր են, այլ իրողություններ: Ամերիկացիները, ինչպես իրենք են ասում, պրագմատիկ մարդիկ են: Իսկ պրագմատիզմը պահանջում է ավելի շրջահայաց լինել»,- ամփոփել է Վահրամ Աթանեսյանը: