20 օգոստոսի 2011 - 15:46 AMT
Հայաստանն ու Լիբանանը ամրապնդում են համագործակցությունը կրթական ոլորտում

Օգոստոսի 19-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Հասան Դիաբի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Դեսպան Քոչարյանը նորանշանակ նախարարին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական նամակը: Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթական համատեղ ծրագրերի իրականացման, կրթաթոշակների տրամադրման, դասախոսների և ուսանողների փոխանակման, փոխադարձ աջակցության ցուցաբերման հնարավորություններին առնչվող խնդիրներ: Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների և իրավական դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: