
Ցմահ ազատազրկման դատապարտված, արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Էմիլ Վերդյանը գրավոր և բանավոր դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ իր խուցը առանձնացնելու խնդրանքով, այլապես սպառնացել է ինքնավնասում կատարել:
Էմիլ Վերդյանի խցակիցները ևս գրավոր դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ նույն խնդրանքով՝ նշելով, որ հացադուլավոր և ոչ հացադուլավոր դատապարտյալներին միասին մեկ խցում պահելը բարոյահոգեբանական ճնշում է թե՛ իրենց, թե կոնկրետ Էմիլ Վերդյանի հանդեպ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին հավաստի աղբյուրից, շաբաթ օրը՝ օգոստոսի 20-ին, երբ հացադուլավորի խցակիցներին դուրս են բերել զբոսանքի, Էմիլ Վերդյանը ածելիով կտրել է երակները, չնայած, որ խցակիցները զգուշացրել են հսկիչներին՝ լինել առավել ուշադիր, քանի որ Էմիլն արդեն իսկ սպառնացել է ինքնավնասմամբ: Ու թեպետ օրն աշխատանքային է եղել, այդուհանդերձ հսկիչները 15 րոպե անց են միայն ներս մտել, հետո Վերդյանին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նույն աղբյուրը նշել է, որ Վերդյանի արյունը չեն ենթարկում ամենօրյա քննության, խուցը չեն առանձնացնում, ինչպես և կարգն է, հետևաբար դրանով իսկ կասկածի տակ է դրվում հացադուլի իրական լինելու հանգամանքը:
PanARMENIAN.Net-ը փորձել է իրավիճակը պարզել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո ծառայության ղեկավար Գոռ Գլեչյանից, որը չի կարողացել տեղեկատվություն տրանադրել տեղի ունեցածի մասին, ասելով, որ առայժմ ոչինչ հայտնի չէ։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանը օգոստոսի 16-ին հայտարարել է հացադուլ՝ պահանջով, որ պատշաճ կերպով վերանայվեն ցմահ դատապարտյալների գործերը, և տրվեն պատժաչափեր տարիների տեսքով: Հացադուլի մասին տեղեկատվությունը հաստատել են նաև ԱՆ ՔԿՎ մամուլի բաժնում: Բանն այն է, որ նման հնարավորություն տալիս է այս տարվա մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքը, որով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվել է 20 տարի՝ նախկինում 15 տարվա փոխարեն: