
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին և Վալերի Բուայեին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մեջ` բարձր գնահատելով նրա գործունեությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել խորհրդարանական կապերի ընդլայնումը` ընդգծելով Արցախի հատուկ շահագրգռվածությունն այդ հարցում: Երկուստեք նշվել է նաև փոխգործակցության հետագա խորացման և այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման մասին:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: