Հայաստանում 2011-ի օգոստոսի 1-ի դրությամբ արձանագրվել է համախառն գյուղատնտեսական արտադրանքի աճ 32,4 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ: Այդ մասին օգոստոսի 24-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը: Նրա խոսքով, կենդանաբուծական արտադրանքի ծավալների աճը կազմել է 1.2 տոկոս, հավելելով, որ հիմնական աճը բաժին է ընկել հողագործական արտադրանքին:
Ինչպես հաղորդել է փոխնախարարը, խոշոր եղջերավոր անասունի արտադրությունը երկրում ավելացել է 1600 գլխով, մանր եղջերավոր անասունի քանակը 23 500 գլխով, իսկ խոզերինը` 3500-ով, ընդ որում կաթի արտադրությունն ավելացել է 3000 տոննայով` կազմելով 400 000 տոննա: Ինչ վերաբերվում է կաթի մթերման գնի բարձրացման հետ կապված խնդիրներին, ապա գյուղնախարարությունն արտադրողներից բացատրություններ է պահանջել այդ առիթով: Մասնագետը հավաստիացրել է, որ կաթի գնի աճը համաշխարհային շուկաներում կազմել է 20 տոկոս, իսկ Հայաստանում միայն 8 տոկոս, իսկ ահա մսի համաշխարհային գներն աճել են 15 տոկոսով, երկրում այդ աճը կազմել է 11.5 տոկոս:
Գրիշա Բաղյանը նաև ասել է, որ 20 տոկոս անկում արձանագրվել է ձվերի արտադրության ոլորտւմ: Նրա խոսքով, հանրապետությունում ամեն օր արտադրվում է շուրջ 380 մլն հատ ձու: «Արձանագրված ցուցանիշները հիմք են տալիս ասել, որ 2012-ին գյուղատնտեսության ոլորտում ապահովվելու է աճ»,- ասել է նա: