Տարվա սկզբից Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունները սկսել են աշխատել ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների տվյալների բազայի ստեղծման շուրջ:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության մամլո ծառայությունից, Հայաստանում գրանցված է ղարաբաղյան պատերազմի ժամանակ 407 անհետ կորած: «Տվյալների բազան յուրօրինակ կառուցվածք ունի և իրենից ներկայացնում է ոչ թե պարզապես անհետ կորած համարվող անձանց ցուցակ, այլ նաև լիարժեք տեղեկատվություն է պարունակում կոնկրետ մարդու մասին»,- նշել է մամլո ծառայության աշխատակիցը` ավելացնելով, որ տեղեկատվության մեծ մասը ստացվել է անհետ կորածների ազգականների և մտերիմների հետ հարցազրույցի միջոցով:
Ինչպես նշել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում, ողջ տեղեկատվությունը փոխանցվել է Պատանդների և ռազմագերիների հարցերով կոմիտեին, որը զբաղվելու է բազայի հետագա համալրմամբ: ԿԽՄԿ ներկայացուցչության պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանում ցուցակի մեջ ընդգրկվել է անհետ կորած համարվող 4 575 մարդ:
Ադրբեջանական ներկայացուցչության պաշտպանության հարցերով համակարգող Սիլվի Գրենիշերը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանում ԿԽՄԿ և Պետհանձնաժողովի ցուցակների միջև տարբերություններ կան: «Մի քանի տարի առաջ այդ ցուցակները խիստ տարբերվում էին: Սակայն նախագծի մեկնարկից հետո տարբերությունը գրեթե շտկվել է»: