
«Ես Երևանը չեմ պատկերացնում առանց ժամագործների և կոշկակարների կրպակների»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Նրա խոսքով, թեև քաղաքապետի որոշումն ապամոնտաժման մասին տեխնիկական էր, քաղաքում շատ ավելի կարևոր խնդիրներ կան: Նա նկատել է նաև, որ նման տեսակի որոշումներին ավելի համարժեք մոտեցում է պետք, և այժմ մարդիկ համարում են, որ կրպակատերերի իրավունքները ոտնահարված են:
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին արդարացված է համարում կրպակներն ապամոնտաժելու մասին քաղաքապետի որոշումը: «Քաղաքապետի որոշումը միանգամայն ճիշտ է»,- ընդգծել է նա: Նրա խոսքով, կրպակներն «այլանդակում էին Երևանի գեղեցիկ փողոցները»: Ընդ որում, Մինասյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ կրպակների ապամոնտաժումը մի քանի հազար մարդու հետ է կապված` հայտնելով, որ խոսքը գնում է միայն մոտ 50 կրպակատերերի մասին:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն` Երևանի կենտրոնական փողոցներում ապամոնտաժվում են պայմանագրերի ժամկետները լրացած կրպակները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգել էր ժամանակավորապես դադարեցնել կրպակների ապամոնտաժումը, քանի որ այն երկրում նոր սոցիալական լարվածություն է առաջացնում, սակայն ապամոնտաժման գործընթացը շարունակվում է: