
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին ընդառաջ հատուկ այդ առիթով գրված «Հայաստանը դու ես», «Իմ անունը Հայաստան է» և «Արմենիա» երգերի հիման վրա նկարահանվել է երաժշտական երեք տեսահոլովակ, ինը հոլովակ և պատրաստվել պաստառներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանը դու ես» երգը կատարում են երիտասարդ երգիչները: Տեսահոլովակում նկարահանվել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` նկարիչներից մինչև լրագրողներ ու գործարարներ: Երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսք` Ավետ Բարսեղյան, հոլովակի ռեժիսոր` Դավիթ Բաբայան: «Իմ անունը Հայաստան է» երգը կատարում են Ինգա և Անուշ Արշակյանները: Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսք` Ավետ Բարսեղյան, հոլովակի ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան: «Արմենիա» երգի երաժշտության հեղինակն է Արթուր Գրիգորյանը, խոսք` Անիտա Հախվերդյան, ռեժիսոր` Ավագ Ավագյան: Վերջին տեսահոլովակի նկարահանումները դեռ շարունակվում են: