27 օգոստոսի 2011 - 09:24 AMT
ԿԱՐԾԻՔ
ԱՄՆ նախագահները ժառանգաբար հանձնում են Ցեղասպանությունը չճանաչելու «ավանդո՞ւյթը»` լսելով Թուրքիայի ցուցումները

Աշխարհի գերտերություններից մեկի` ԱՄՆ-ի նախագահներին Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների հարցերի հետ կապում է «կոռեկտ» վերաբերմունքի «բարի ավանդույթը»:

Խոստումներից խուսափելու աստիճանը, որոնց շնորհիվ նախագահները ստանում են ԱՄՆ-ում բնակվող հայ էլեկտորատի առյուծի բաժինը, առավել ակնհայտ է դառնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, երբ միլիոնավոր մարդիկ սպասումի մեջ քարանում են` երկրի նախագահի շուրթերից այդքան երկար սպասված բառը վերջապես լսելու համար…Բայց, ցավոք սրտի…

Ականատես լինելով ԱՄՆ վերջին երկու նախագահների քաղաքականությանը` կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը հաստատ չի մտնում գերտերության պլանների մեջ:

Այսպես, եթե հիշել հեռավոր 2000 թվականը, նախագահի թեկնածուներից մեկը` Ջորջ Բուշ կրտսերը, լիովին «անկեղծ» հայտարարում էր արդարության նոր դարաշրջանի մասին: Հատկանշական է, որ հենց Ջորջ Բուշն արդեն ԱՄՆ նախագահի պաշտոնում մի քանի տարի անց սկսեց արտահայտվել «ցեղասպանություն» տերմինի դեմ և վարել հայկական համայնքի շահերին և իր խոստումներին բոլորովին չհամապատասխանող քաղաքականություն:

Թուրքիայի շահերին անվերապահորեն «ենթարկվելու» ապացույցներից մեկը դարձել է օրերս WikiLeaks կայքի կողմից հրապարակված Մեծ ազգային ժողովի պատգամավոր Հասան Կորկմազջանի նամակը Ջորջ Բուշին: Նամակն ուղարկվել է 2005-ի ապրիլի 18-ին, և դրանում թուրք քաղաքական գործիչը հույս է հայտնում, որ Սպիտակ տան ղեկավարը կպաշտպանի Անկարայի դիրքորոշումը: «Թուրքիան գիտակցում է իր պատմությունը քննարկելու և գնահատելու գործընթացի ողջ պատասխանատվությունը: Ինչպես ցույց են տվել թուրքական հետազոտությունները, հայկական հռետորությունը ոչ այլ ինչ է, քան ֆանատիզմի արդյունք: Մենք հուսով ենք, դուք կարող եք դիմակայել այդ քարոզչությանը` հիմնված դեպքերի խեղաթյուրված մեկնաբանությունների վրա, որոնք ապացույցներ չունեն Օսմանյան կայսրության արխիվներում»,- ասվում է նամակում:

Ավելին, 2007-ին Բուշը չպաշտպանեց Կոնգրեսի բանաձևը, որը 1915-17թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի մահը որակում է որպես ցեղասպանություն: Մինչև վերջին րոպեն նախագահը վստահ էր քվեարկության ելքի մեջ, բայց, ի դժբախտություն նրա, բանաձևն ընդունվեց ի հեճուկս Սպիտակ տան ղեկավարի:

«Մենք խորապես ափսոսում են հայ ժողովրդի տառապանքների համար, որոնք սկսվել են 1915-ին, բայց նման բանաձևի ընդունումը մեծ վնաս կհասցներ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերություններին և ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բարաք Օբաման հայ համայնքին խոստացավ վերականգնել արդարությունը և հրաժարվել իր նախորդների քաղաքականությունից: Նա բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին և հանդես եկել հայ համայնքին աջակցելու հայտարարությամբ: «Ես միանում եմ ԱՄՆ հայ համայնքին և կոչ եմ անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Օբաման, նշելով, որ պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձևը: «Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգությունը: Աններելի է, որ Բուշի աշխատակազմը հրաժարվել է անել դա, և ես բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի աշխատակազմը փոխի իր կարծիքը»,- հավաստիացրել է դեմոկրատների թեկնածուն:

Օբաման հաղթեց ԱՄՆ նախագահի ընտրություններում: Եվ ահա երկար սպասված օրը` 2009-ի ապրիլի 24, բազմամիլիոն լսարանը գրեթե համոզված է արդարության վերականգնման մեջ: Սակայն Օբաման չկիրառեց «ցեղասպանություն» տերմինն իր ելույթում: Նա նախընտրեց ընդհանուր բառեր օգտագործել թուրքերի կողմից իրագործված ոճրագործությունը բնութագրելու համար: Այսպես, նա անվանեց դա «20-րդ դարի ամենահրեշավոր հանցագործություն»՝ նրա նախորդների «զանգվածային սպանություններ» արտահայտությունը փոխարինելով «Մեծ եղեռն» հայկական տերմինով:

Կա՞ն արդյոք նամակներ, որոնք ուղղված են ԱՄՆ գործող նախագահին թուրք քաղաքական գործիչների կողմից, հայտնի չէ: Բայց պարզ է, որ խոստումները չկատարելու սովորությունն անցնում է նախագահից նախագահի` դառնալով Սպիտակ տան յուրօրինակ ավանդույթը…

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News