29 օգոստոսի 2011 - 17:57 AMT
Սեպտեմբերի 3-ը , 10-ը և 17-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր

Սեպտեմբերի 3-ը, 10-ը և 17-ը հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրման և բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին։ «Շատ կարևոր է բոլորի ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառումներին», - ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են` զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում աղբահանության խնդիրը կարգավորվել է, և աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն։ Քաղաքապետը հանձնարարել է աղբահանության մասին ընդունված օրենքի շրջանակում կարճ ժամկետում կանոնակարգել ոլորտը և մինչև սեպտեմբերի 1-ն ավարտել պայմանագրերի կնքման գործընթացը։