31 օգոստոսի 2011 - 16:03 AMT
Հայաստանի երիտասարդական նվագախմբի կվինտետը փոքրիկ տոն կպարգևի երևանցիներին

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ին, Հյուսիսային պողոտայում կայանալու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կվինտետի համերգը: Կվինտետի կազմում ընդգրկված են Աննա Անդրեասովան (առաջին ջութակ), Ստեփան Խալաթյանը (երկրորդ ջութակ), Ռոզա Հայրապետյանը (ալտ), Գառնիկ Ենգիբարյանը (թավջութակ) և Վահագն Մարգարյանը (դաշնակահար): Համերգը պետք է կայանար օգոստոսի 28 –ին, սակայն տեխնիկական պատճառներով տեղափոխվեց վերը նշված օրը:

Ծրագրում ընդգրկված են Ա. Պիացոլլայի «Տարվա եղանակներ» (աշուն և գարուն) «Օբլիվիոն» և «Կնոջ բուրմունքը», Գ. Բրեգովիչի «Տանգո» և Ջ. Շտրաուսի «Վարդեր հարավից» ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2006 թ-ին, պետական կարգավիճակ ստացել 2008-ին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը: Երևանում նվագախումբը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Վադիմ Ռեպինը, Նարեկ Հախնազարյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Դենիս Մացուևը, Մաքսիմ Վենգերովը և ուրիշները: 5 տարիների ընթացքում նվագախումբը բազմիցս Հայաստանը պատվով ներկայացրել է աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի “Opera Garinier” , Բեռլինի “Konzerthaus”, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտները վարպետության դաս են ստացել աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևից:

Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են: Նվագախումբը հանդիսանում է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչը, սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով բոլոր համերգներին:

Նվագախմբի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: