31 օգոստոսի 2011 - 16:32 AMT
WikiLeaks-ը հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հեռագիրը 2008թ. մարտյան դեպքերի մասին

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որում տեղ է գտել նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պեննինգտոնի 2008թ. ապրիլի 9-ի հեռագիրը նույն տարվա մարտի 1-ի դեպքերի մասին` «Մառախուղ Հայաստանում մարտի 1-2-ի դեպքերի շուրջ»: Փաստաթղթում Պեննինգտոնը նշում է, որ բավական բարդ էր տեղեկատվություն ստանալ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ընդդիմադիրների և հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև բախումների ժամանակ ութ մարդկանց մահվան մասին: «Բացի սպանվածների ընդհանուր թվից, նրանց մահվան հանգամանքների մասին տեղեկատվությունը բավական խղճուկ էր»,- նշում է նա` հավելելով, որ լիարժեք, բաց հաշվետվության պակասը նպաստել է լուրերի տարածմանն այն մասին, որ զոհերն ավելի շատ են, և որ երկրի կառավարությունը թաքցնում է դա:

Ընդ որում, Ջոզեֆ Պեննինգտոնը նկատում է, որ լուրերից մեկի համաձայն, իշխանությունները նախօրոք ծրագրել էին սպանությունները, որպեսզի արտակարգ դրություն հայտարարեին, ճնշեին ընդդիմությանն ու վարկաբեկեին նրա առաջնորդներին: Այս համատեքստում Պեննինգտոնը նշում է, որ YouTube-ում երկու տեսանյութերի տեղադրումը, որտեղ անվտանգության ուժերը կրակում և հարձակվում են ենթադրյալ բողոքարարների վրա, յուղ լցրեց կրակին:

Նրա խոսքով, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև փորձել է մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ մարտի 5-ի դիվանագիտական նոտայի միջոցով: «Պատասխանը ստացվել է մարտի 24-ին, դրանում մարտի 10-ով թվագրվող տեղեկատվություն էր պարունակվում Գլխավոր դատախազի գրասենյակից: Տեղեկատվություն տրամադրելու մասին լրացուցիչ հարցումները խնդրառատ էին, քանի որ Գլխավոր դատախազի գրասենյակը պնդում է, որպեսզի հարցումները կատարվեն լրացուցիչ դիվանագիտական նոտաների միջոցով, իսկ այդ պայմանը խոչընդոտում է լրահոսը ժամանակին ստանալուն»,- ասվում է Պեննինգտոնի հեռագրում: Ընդ որում, Ջոզեֆ Պեննինգտոնն ընդգծում է, որ ընդամենը մի քանի լրատվամիջոցներ են հաղորդել մահվան հանգամանքների կամ ինքնին զոհերի մասին, որից հետո ներկայացրնում է հայկական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը զոհվածների մասին:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իր մեկնաբանություններում Պեննինգտոնը, մասնավորապես, նշում է. «Հավանաբար, ո'չ հայ հասարակությունը, ո'չ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա այն ճշմարտությունը, որը թաքնված է մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա արյունալի բախումների մեջ: Չնայած իշխանությունների և ընդդիմության` իրադարձությունների զանազան վարկածներին, անհանգստացնում է այն, թե Հայաստանի կառավարությունն ինչպես է արձագանքել ճգնաժամին և ինչպես է շարունակում հաշվետվություն տալ հասարակայնությանը մարդկային զոհերի հանգեցրած ծայրահեղ միջոցների կիրառման հարցում»,- նշում է նա:

Հայկական ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ:

Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: