31 օգոստոսի 2011 - 19:38 AMT
WikiLeaks. Հայաստանը շահագրգռված չէր Կոսովոյի անկախության ճանաչմամբ

WikiLeaks կայքի հրապարակած 130 հազ. փաստաթղթերի թվում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` 2009թ. փետրվարի 13-ին Պետքարտուղարություն ուղարկված հաշվետվությունը Կոսովոյի ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ: «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արման Կիրակոսյանն ինձ հետ հանդիպմանը նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը Հայաստանի շահերից չի բխում: Կոսովոյի ճանաչումը հասարակական ճնշում կստեղծի Հայաստանում Արցախի անկախության ճանաչման առնչությամբ, ինչը, անկասկած, «կսպանի» հիմնախնդրի խաղաղ կարգավորման հույսերը»,- նշում է Յովանովիչը ԱՄՆ Պետքարտուղարություն հղած ուղերձում:

Ներկա պահին Կոսովոյի անկախությունը ճանաչել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 193 անդամներից 81 պետություն (42%): Միևնույն ժամանակ ՄԱԿ անդամ 68 պետություններ (ավելի քան 1/3), այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ռուսաստանը) հրաժարվել են ճանաչել Կոսովոյի անկախությունը և չեզոքության մասին են հայտարարել: