1 սեպտեմբերի 2011 - 09:45 AMT
ԿԱՐԾԻՔ
Ինչո՞ւ են պետական մարմինները մամուլից իմանում, որ բժիշկը ծնունդ ընդունելու փոխարեն բուրդ էր չփխում

Առաջարկում եմ բոլոր նախարարություններին, ոստիկանությանը, կառավարության բոլոր առընթեր մարմիններին աշխատանքի վերցնել «Չենք լռելու» նախաձեռնության մեկական անդամի: Արդեն որերորդ դեպքն է, որ հենց այդ կազմակերպության անդամներն են բարձրացնում Հայաստանում առկա կարևորագույն խնդիրներ` ապշահար անելով հասարակությանն ու պետական մարմիններին:

Օրերս Վայքի հիվանդանոցում տեղի էր ունեցել ահասարսուռ մի դեպք, որը պարզվում է միակը չէ: Բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին զանգել և հայտնել են, որ պետք է գա հիվանդանոց, քանի որ հղի կին են բերել, և ծնունդ ընդունելու ժամանակն է: Մետաքսյան պատասխանել է, թե «բուրդ է չփխում ու կգա հիվանդանոց, երբ գործը ավարտի», միևնույն ժամանակ հրահանգելով «ձգձգել ծնունդը»: Մի քանի ժամ անց միայն «բժշկուհին» բարեհաճել է ժամանել: Ծնունդը անցել է ծանր: Իսկ ծնունդից հետո մանկան կիսամեռ մարմինը Մետաքսյա Հովհաննիսյանը թողել է սեղանին, ասել է. «թող մահանա, հետո կգամ կհերձեմ, տեսնեմ ինչ է պատահել, ինչու թոք չունի»:

Արդյունքում երեխային տեղափոխել են Երևանի Մուրացանի անվ. հիվանդանոց: Այդտեղ երեխային նկարել են, ուղարկել են նկարները Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ գանգի հարվածից արյան զեղում կա ուղեղում ու որևէ բան անել անհնարին է: Երեխան մինչ օրս տանջվում է, և հարազատները չգիտեն որքան կտևի այդ տանջանքը:

Տեղի ունեցած դեպքի մասին, փաստորեն, այդպես էլ ոչ մեկ չէր իմանա, և Հովհաննիսյանն էլ կշարունակեր հանգիստ իր «բուրդը չփխել», եթե երիտասարդ ակտիվիստները չորոշեին բարձրաձայնել այս հարցը ու մամուլն էլ դրան չանդրադառնար: Չեմ կարողանում հասկանալ` այդ ինչ սիստեմով են աշխատում մեր ոստիկանությունն ու առողջապահության նախարարությունը: Մի՞թե նրանք չեն համագործակցում նման հարցերում: Ինչո՞ւ ոստիկանության Վայոց ձորի ու Վայքի բաժանմունքներին չեն տեղեկացրել դեպքի մասին անգամ այն բանից հետո, երբ անգլիացի բժիշկ-փորձագետները եզրակացրել են` «գանգի հարվածից արյան զեղում կա ուղեղում»: Ինչո՞ւ դեռևս գործ հարուցված չէ գանգի վնասվածքը հասցնողին գտնելու համար: Մանավանդ, որ այս նորածնի դեպքը եզակի չէ Վայքում…

Այսպիսով, առաջարկում եմ բացել Կառավարությանն առընթեր «խնդիրների ի հայտ բերման վարչություն» ու որպես պետ էլ նշանակել լռել հրաժարվողներից մեկին:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News