1 սեպտեմբերի 2011 - 16:23 AMT
Վայքի ոստիկանությունը ընթացք է տվել բժիշկ Մետաքսյա Հովհաննիսյանի գործին

Վայքի ոստիկանությունը ընթացք է տվել քաղաքի հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի գործին։ «Լրատվությունը ստացել ենք, գրանցել մատյանում, որ ընթացք տրվի։ Հիմա գործը ընթացքի մեջ է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին Վայքի ոստիկանության հերթապահ մասից։

Երեկ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որի համաձայն Մետաքսյա Հովհաննիսյանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով տուժել է նորածին երեխա։ Երեխայի հարազատները բողոքում են, որ բժշկուհին հրաժարվել է գալ հիվանդանոց և ծնունդ ընդունել՝ ասելով, որ «բուրդ է չփխում»։ Արդյունքում ծնունդն անցել է ծանր: Երեխային տեղափոխել են Երևանի Մուրացանի անվ. հիվանդանոց: Այնտեղ հետազոտել են, ուղարկել են տվյալները Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ գանգի հարվածից արյան զեղում կա ուղեղում ու որևէ բան անել հնարավոր չէ: Երեխան մինչ օրս տանջվում է, և հարազատները չգիտեն որքան կտևի այդ վիճակը:

Դեպքի առթիվ առողջապահության նախարարի հրամանով կազմվել էր փորձագետների խումբ, որը զննել է երեխային, սակայն դեռևս արդյունքները չի հրապարակել։ Մուրացանի անվ. հիվանդանոցից տեղեկացնում են, որ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր։