Արմավիր քաղաքի (Արմավիրի մարզ) 70 բնակիչներ բաց նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «ԷկոԼուրը», նամակում բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը քաղաքի կենտրոնական զբոսայգում: Նամակը` որպես տագնապի ազդանշան, հրապարակվել է կառավարության www.gov.am պաշտոնական կայքի «Մամուլը մեր մասին» բաժնում:
Մայիս ամսից արմավիրցիները բառացիորեն պայքարում են միակ զբոսայգու պահպանման համար: Սոցիալական ցանցերում և մամուլում պարբերաբար հայտնվում են Արմավիրի քաղաքապետարանի հավանությանն արժանացած ապօրինի շինարարության դեմ հանդես եկող հասարակայնության զանազան խմբերի ուղերձները: Ներկայումս կառուցման ընթացքի մեջ են երեք օբյեկտներ` բանկ, անասնաբուժական դեղատուն և եկեղեցի: