
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ստորագրել է Վայքի ծննդատանը տեղի ունեցած դեպքի ուսումնասիրման համար փորձագիտական խումբ ստեղծելու հրամանը։ Նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խումբը պաշտոնապես աշխատանքը կսկսի վաղը։ Բացի բուն դեպքից փորձագիտական խումբը նաև ամբողջությամբ կուսումնասիրի Վայքի ծննդատան վիճակը։
«Երկու շաբաթից խումբը կտա հիվանդանոցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն։ Իսկ բուն դեպքի հետ կապված եզրակացությունը կտրվի շատ արագ և մեկ-երկու օրից կտեղադրենք կայքում»,- ասաց Կարինե Սարիբեկյանը։
Երեկ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որի համաձայն Մետաքսյա Հովհաննիսյանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով տուժել է նորածին երեխա։ Երեխայի հարազատները բողոքում են, որ բժշկուհին օգոստոսի 14-ին հրաժարվել է գալ հիվանդանոց և ծնունդ ընդունել՝ ասելով, որ «բուրդ է չփխում»։ Արդյունքում ծնունդն անցել է ծանր: Երեխային տեղափոխել են Երևանի Մուրացանի անվ. հիվանդանոց: Այնտեղ հետազոտել են, ուղարկել են տվյալները Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ գանգի հարվածից արյան զեղում կա ուղեղում ու որևէ բան անել հնարավոր չէ: Երեխան մինչ օրս տանջվում է, և հարազատները չգիտեն որքան կտևի այդ վիճակը: Վայքի ոստիկանությունը գործին ընթացք է տվել։ Այսօր առավոտյան Մետաքսյա Հովհաննիսյանը հերքել է մեղադրանքը։