2 սեպտեմբերի 2011 - 15:30 AMT
Սիրիայի հաշվին Թուրքիան փորձում է հաստատվել իսլամական աշխարհում, գտնում է հայ փորձագետը

«Ես իրական չեմ համարում Ահմադինեժադի սպառնալիքներն այն մասին, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի վրա, Իրանը կաջակցի քրդերին»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Ըստ նրա, հանդես գալով նման հայտարարությամբ, Իրանի նախագահն ընդամենը ցանկանում էր ահաբեկել Թուրքիային: Նա նշել է, որ Իրանի ղեկավարությունը իր հայտարարություններով ցանկանում է հասկացնել, որ եթե Սիրիայի ու Թուրքիայի միջև ընտրելու հնարավորություն առաջանա, Իրանը կընտրի Սիրիան: «Սակայն, չեմ կարծում, որ Իրանն իրականում կկարողանա սատարել Սիրիային»,-ասել է նա:

Իր հերթին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը չի կարծում, թե Թուրքիան կհարձակվի Սիրիայի վրա: Ըստ նրա, ընդունելով միջազգային հանրության կողմը, Անկարան ընդամենը ցանկանում է ցույց տալ, որ նա է իսլամական աշխարհի առաջնորդը: «Այսինքն, Թուրքիան փորձում է հաստատվել իսլամական աշխարհում Սիրիայի հաշվին, գտնում է հայ փորձագետը»,-ասել է նա:

Մարտից սիրիական Դերաա քաղաքում ժողովրդական հուզումներ սկսվեցին: Պատճառ հանդիսացավ դեռահասների ձերբակալությունը, որոնք հակակառավարական կարգախոսներ էին գրում պատերի վրա: Մարդիկ փողոց դուրս եկան ի պաշտպանություն դեռահասների: Քաղաք զորքեր մտցվեցին: Բողոքի ցույցերը երկրում շարունակվում են: Թուրքիան, որը սկզբում որոշակի դիրքորոշում չուներ, փոխեց իր վերաբերմունքը և հայտարարեց, որ եթե Բաշար Ասադը վերջ չտա «քաղաքացիական անձանց սպանություններին ու ձերբակալություններին, ապա հնարավոր չի լինի շարունակել դիվանագիտական հարաբերությունները նույն մակարդակի վրա»:

Իրանը սատարում էր հուզումներին արաբական երկրներում, սակայն, երբ հերթը հասավ Սիրիային, հայտարարեց, որ անընդունելի է միջամտությունը ինքնիշխան երկրի գործերին: Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, թե արաբական ու իսլամական երկրները պետք է օգնեն Ասադին դիմակայելու սիոնիստական դավադրությանը: