
Ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահը բանակում զուտ մարդկային ողբերգությունից բացի, նաև սպառնալիք է ազգային անվտանգությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Ես գնահատում եմ դա որպես հարված թիկունքից»,-ասել է նա: Ըստ նրա, բանակը մեծ կառույց է, որտեղ որոշ մարդիկ թերանում են իրենց պարտականոթյունները կատարել, ինչն էլ նման արդյունքի է հանգեցնում: Ջամալյանը նշել է նաև, որ ՊՆ ձեռնարկած միջոցներից բացի, բանակում իրավիճակը շտկելու և ապագայում նման դեպքերը կանխելու համար պետք է ակտիվ ներգրավվածություն ունենա նաև հասարակությունը: Ըստ նրա, կոպիտ ու բռի զինվորականի կերպարը պետք է անընդունելի լինի հանրության շրջանում: «Նա պետք է գիտակցի, որ կմերժվի հասարակության կողմից»,-ասել է նա: Ըստ Ջամալյանի, նման դեպքերն արմատախիլ անելուն կնպաստեն նման միջադեպերի հրապարակային դատավարությունները:
Փորձագետը նշել է նաև, որ չի կարելի թույլ տալ, որ մի քանի հանցագործությունների նեգատիվ ֆոնը տարածվի ողջ սպայակազմի վրա:
Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):
Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին: