
Աղասի Աբրահամյանի հետ տեղի ունեցածը ոչ միայն հանցագործություն ու ոճրագործություն է, այլև՝ անբարոյականություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Մենք ունենք ծեծի, բռնության էպիզոդ գումարտակում, որի արդյունքում, ըստ նախաքննության այս պահի դրությամբ ձեռք բերված տվյալների, մեր տուժողը սկսել է իրեն վատ զգալ, արդյունքում գիտակցությունը կորցրել է և վայր ընկել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է զորամասի բուժկետ, որը մոտ 30 կմ հեռու է գումարտակից։ Մոտ 10 ժամ գտնվել է բուժկետում՝ բացարձակ անօգնական վիճակում, ինչին գումարվել է բուժկետի պետի կողմից բռնության կիրառման էպիզոդը։ Մի քանի ժամ անց մեր տուժողը տեղափոխվել է զինհոսպիտալ, և մենք ունենք գրանցված մահվան փաստ»,- այս պահի դրությամբ նախաքննության պարզած տվյալները ներկայացրեց Կոստանյանը։ Թե ինչ կապ է ունեցել բուժկետի պետը Աղասի Աբրահամյանի հետ, զինդատախազը խոստացավ ասել միայն նախաքննության ավարտից հետո։
Այս պահի դրությամբ գործով ձերբակալված է մեկ զինծառայող և կալանավորված է մեկ սպա։ Զինծառայողի խափանման միջոցը որպես կալանք ընտրելու հարցը արդեն իսկ քննվում է դատարանում։ Մինչև օրվա վերջ հնարավոր է ևս 2 անձ ներգրավվեն որպես կասկածյալ։
Գևորգ Կոստանյանը անդրադարձավ մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե նույն զորամասում է ծառայում և տվյալ գործում ներգրավված է նախագահ Սերժ Սարգսյանի սանիկը. «Բացառվում է։ Նման անձ չկա։ Չի եղել տարրական տեղեկատվություն այս մասին։ Նախագահի սանիկի կամ որևէ այլ ազգականի անուն գործում չի շոշափվում»։
Զինդատախազը վստահեցրեց, որ «բացարձակ իմաստով յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր մասնակից ենթարկվելու է պատասխանատվության՝ անկախ կոչումից, պաշտոնից, դիրքից, և որևէ հովանավորչություն չի կարող լինել»։