Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 6-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ղեկավարության և Լոռու մարզի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է թվով 8-րդ «Վանաձոր» մասնաճյուղի բացումը:
«Համոզված եմ, որ մեր պայմանները և ծառայությունները գրավիչ կլինեն Վանաձորի բնակիչների համար»,- լրագրողներին հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նրա խոսքով, շուկա մտնելուց առաջ բանկը հետազոտություն է կատարել, որի համաձայն նոր մասնաճյուղը շեշտը հիմնականում դնելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վրա, վերականգնվող էներգետիկայի վրա, հաշվի առնելով, որ այս ոլորտում իրագործվում են փոքր ՀԷԿ-երի ծրագրեր, ինչպես նաև սպառողական վարկավորում և քարտային նախագծեր:
Բանկի ղեկավարը նաև հաղորդել է, որ նոր մասնաճյուղի հաճախորդների համար գործելու են զեղչեր և արտոնություններ մինչև սեպտեմբերի վերջ:
Իր հերթին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ բանկի յուրաքանչյուր նոր մասնաճյուղ խթանում է տնտեսության զարգացումը: «Հուսով եմ, որ «Ամերիաբանկը» կվարի այնպիսի վարկային քաղաքականություն, որը թույլ կտա միջին խավի ներկայացուցիչներին օգտվել նրա ծառայություններից մասնավորապես ՓՄՁ վարկավորման ոլորտում»,- ասել է նա: