«2011-2012թթ. մրցունակության համաշխարհային զեկույցի» համաձայն Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքը` աշխարհի 142 երկրների շարքում զբաղեցնելով 92-րդ տեղը 2010-ի 134 երկրների շարքում 98-րդ տեղի փոխարեն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
Զեկույցի համաձայն ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զիջում է իր դիրքերը Ռուսաստանին, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուկրաինային, առաջ է անցնում Մոլդովայից, Տաջիկստանից և Ղրղզստանից: Առաջատարը նախկինի նման Շվեյցարիան է:
Ներկայացնելով զեկույցը` Մանուկ Հերգնյանը նշել է, որ տեղի է ունեցել Հայաստանի դիրքերի վատացում այնպիսի հիմնական ցուցանիշով, ինչպիսին է` մակրոտնտեսական միջավայրը` 114 (-15), մնացած ցուցանիշներով երկիրն արձանագրել է դիրքերի բարելավում, մասնավորապես, բարձրագույն կրթություն` 76 (+15), ենթակառուցվածքներ` 77 (+13) և այլն: Զեկույցի համաձայն Հայաստանում շարունակում են չլուծված հարցեր մնալ` կապված մրցակցային միջավայրի, մաքսային գործընթացների բեռի, շուկայի չափի և բիզնե-կրթության հետ: