7 սեպտեմբերի 2011 - 14:34 AMT
Գրանցված բրենդները և ապրանքանիշները կունենան .xxx դոմեն

Գրանցված բրենդների և ապրանքանիշների սեփականատերերին տրվել է հնարավորությունը անվտանգ դարձնել իրենց ապրանքանիշի անվամբ .xxx դոմենային տիրույթը։ Այս մասին գրում է Mashable-ը։

.xxx դոմենային տիրույթը ղեկավարող ICM Ռեգիստրը, որը վաճառում է դոմեններ երրորդ կողմի ընկերություններին, ինչպիսին GoDaddy-ն է և Network Solutions-ը գրանցված բրենդներին և ապրանքանիշներին հատկացրել է 50 օր ժամանակ՝ գրանցելու իրենց անվամբ .xxx դոմեն։ Օրինակ Կոկա-կոլան կգնի www.coca-cola.xxx դոմենը։

ICM Ռեգիստրի գլխավոր տնօրեն Սթյուարտ Լաուլեյը ասել է, որ ընկերությունները իրենց բրենդով դոմեն գրանցելու համար պետք է վճարեն ընդամենը 200 դոլար։ Այլ դոմենային տիրույթների դեպքում գումարը կազմում է տարեկան մոտ 50 դոլար։ Սակայն ինչպես ավելացրել է Լաուլեյը, .xxx տիրույթում բրենդի մեկանգամյա գրանցումը մշտական է և կարիք չի լինի կրկին գրանցել։ «Ճշմարտությունն այն է, որ ինչ որ մեկը կայցելի coca-cola.xxx, իսկ որոշներն էլ չեն ցանկանա, որ իրենց բրենդն ասոցացվի .xxx դոմենային տիրույթի հետ», - ասել է նա։

50 օր ժամկետի սպառումից հետո տրվելու է 17 օր, որի ընթացքում վաճառվելու են դոմեններ միայն մեծահասակների ժամանցի ոլորտում։

.xxx դոմենային տիրությը առաջին անգամ հաստատվել է ICANN-ի կողմից 2010-ին (Անվանումների և համարների ձեռքբերման ինտերնետ կորպորացիա)՝ կոմերցիոն նպատակներով օգտագործվելու համար։