13 հոկտեմբերի 2000 - 17:05 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՄԱՄԲ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ» ՔՎԵՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
13.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական Կոմիտեի հոկտեմբերի12-ի որոշմամբ «Հայկական բանաձեւի» քվերակությունը կկայանա հոկտեմբերի 17-ին:
Նախօրեին «Հայկական բանաձեւը» հավանության արժանացրած Իրավական Կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ «փաստաթուղթը ԱՄՆ նախագահին կոչ է անում հաստատել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը ըմբռնումով եւ զգայունությամբ է մոտենում մարդու իրավունքների եւ էթնիկական զտումների խնդիրներին, մասնավորապես` Հայերի ցեղասպանությանը, որպես մի փաստի, որը արձանագրված է ԱՄՆ արխիվներում»:
Հոկտեմբերի 12-ին Իրավական կոմիտեն հաստատել է «Հայկական բանաձեւի» վերջնական տարբերակը, որը այլեւս չի թույլատրում փաստաթղթի բովանդակության մեջ կատարել փոփոխություններ կամ լրացումներ: Հոկտեմբերի 17-ին, նախքան քվեարկություն սկսելը, կկայանա մեկժամյա բանավեճ, որի ընթացքում Ներկայացուցիչների պալատը կարտահայտի իր վերաբերմունքը Բանաձեւի վերջանական տարբերակի նկատմամբ: Ներկայացուցիչների պալատի կողմից Բանաձեւը հավանության արժանացնելուց հետո, կկայանա եւս մեկ մեկժամյա քննարկում, որից հետո «Հայկական բանաձեւը» կներկայացվի քվեարկության:
«Հայկական բանաձեւի» ընդունման մասին որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ 141 կոնգրեսականներ արդեն հանդես են եկել Բանաձեւի ընդունման օգտին, իսկ Ներկայացուցիչների պալատի եւս 100 անդամներ խոստացել են իրենց աջակցությունը տվյալ փաստաթղթին: Բանաձեւի ընդունման համար բավական է 210-215 ձայն: --0--