7 սեպտեմբերի 2011 - 17:31 AMT
Հայ-չեխական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ

Սեպտեմբերի 7-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ նախագահ Կլաուսի եւ ՀՀ դեսպանի միջև: Նախագահ Կլաուսը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձևավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Չեխիայի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա չեխ-հայկական համագործակցության առավել ամրապնդման գործում:

Դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Պրահայի ամրոցում ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-չեխական տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային խնդիրներին: