«Արևելյան գործընկերության» առաջին գործարար համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին լեհական Սոպոտում, Արևելյան գործընկերության գագաթաժողովին զուգահեռ: Կազմակերպիչներն են «Լեվիտան» Մասնավոր գործատուների լեհական համադաշնությունը և BusinessEurope եվրոպական բիզնեսի համադաշնությունը: Լեհաստանի ԱԳՆ-ն համակազմակերպիչ է»,-ասվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ: Միջոցառումը կանցնի Նոր գաղափարների եվրոպական համաժողովի շրջանակներում, որը նվիրված է լինելու Եվրոպայի դերին ու նրա ապագային: Միջոցառման նպատակն է մշակել ու գործարար հանրությանը ներկայացնել «Արեևելյան գործընկերության» զարգացման ուղղությունները:
Հանդիպման մասնակիցները կարող են փոխանակել իրենց փորձը, նոր գործարար ծանոթություններ հաստատել, քննարկել ներդրումների հնարավորությունները:
Համաժողովի ծրագրում նախատեսված են բանավեճեր: «Արևելյան գործընկերության» առաջին համաժողովին կմասնակցեն հարյուրավոր մասնակիցներ գործընկերության երկրներից ու ԵՄ-ից՝ ներդրողներ, ձեռնարկատերեր, մենեջերներ, կառավարությունների ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարները կամ փոխնախարարները: Ամփոփիչ բանավեճին իրենց մասնակցությունն են հաստատել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ԵԽ նախագահ Գերման վան Ռոմպեյը, ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Կմասնակցեն նաև Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: