9 սեպտեմբերի 2011 - 16:00 AMT
Եգիպտոսում կարգելվի մուտքի արտոնագրերի տրամադրումը օդանավակայանում

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են խստացնել օտարերկրացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրումը, հաղորդում է BFM.ru-ն: Այդ մասին «Ալ Մասրի ալ Յաում» պարբերականին է հայտնել Եգիպտոսի նախարարների կաբինետի մամլո քարտուղար Մոհամմադ Հեգազին: Ըստ նոր կանոնների, զբոսաշրջիկները այլևս չեն կարողանա մուտքի արտանագրեր ստանալ Եգիպտոս ժամանելուն պես: Անհատ զբոսաշրջիկները պետք է դիմեն իրենց երկրում Եգիպտոսի դեսպանատուն, զբոսաշրջային խմբերի համար դա կանեն զբոսաշրջային գործակալությունները: Կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Նաև լուրեր են պտտվում, որ զբոսաշրջիկներին կարգելեն երկարացնել երկրում ներկայության ժամկետը, եթե այն գերազանցել է արտոնագրով սահմանված մեկ ամիսը, գրում է Bikyamasr-ը:

Նշենք, որ հունիսին Եգիպտոս ներգնա զբոսաշրջության ծավալը նվազել է մինչև 29 տոկոս: Օգոստոսին զբոսաշրջությունից ստացվող մուտքերը Եգիպտոսում նվազեցին մինչև 10,1 մլրդ դոլար: