10 սեպտեմբերի 2011 - 14:43 AMT
Խաչվերացի օրը կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Հաղպատ

Այս տարի սեպտեմբերի 11-ին Խաչվերացի տոնի օրը հանրապետության տարբեր վայրերից տեղի կունենա ուխտագնացություն դեպի Լոռու մարզի Հաղպատ գյուղ` նվիրված Հաղպատավանքի օրվան և Սայաթ-Նովայի հիշատակին: Այս ավանդույթի սկիզբը դրվել է անցած տարի, երբ Վարդավառի օրը` հուլիսի 11-ին, կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հաղպատ: Հաշվի առնելով այն իրողությունը, որ դարեր շարունակ Հաղպատավանքի տոնը ավանդաբար համարվել է Խաչվերացի օրը, այսուհետ տոնակատարությունը կկատարվի այդ օրը:

Հաղպատավանքում է պահվում հրաշագործ սուրբ Նշան խաչը, որի մեջ ամփոփված է մասունք Բարձրյալի խաչափայտից: Բավական երկար ժամանակ այն կորած էր համարվում և տարիներ առաջ` 2007թ.-ին Հաղպատավանքի նախկին հոգևորական Պետրոսի, հոգատար և բարի մարդկանց կամքով և միջոցով այն Հաղպատավանք վերադարձավ: Սեպտեմբերի 11-ին, ժամը 11-ին Հաղպատավանքում տեղի կունենա սուրբ պատարագ, որին կհաջորդի օրվա խորհուրդը ներկայացնող հանդիսավոր մասը` վանքի զանգակատան շուրջը: Դրան կհաջորդեն հոգևոր` հիմնականում Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումները, ժողովրդական տոնախմբությունը: