13 սեպտեմբերի 2011 - 15:04 AMT
Ըմբշամարտի ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը զիջել է առաջին իսկ մենամարտում

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությոնում Արթուր Շահինյանը սեպտեմբերի 13-ին զիջել է առաջին իսկ մենամարտում մինչև 84կգ քաշային կարգում: 1/32 եզրափակչում Շահինյանի մրցակիցն էր Ամեր Խրուստանովիչը (Ավստրիա), որը երեք շրջանում հաղթեց 3:1 հաշվով:

Այսօր տեղի կունենան նաև հունահռոմեական ոճի ըմբիշների գոտեմարտերը մինչև 60 և 120 կգ քաշային կարգերում:

Վահան Ջուղարյանը (60 կգ ք/կ) կհանդիպի Դրիտանո Հայրիզիի հետ (Սլովենիա), իսկ Յուրի Պատրիկեևը՝ Հելկի Նաբիի (Էստոնիա) հետ:

Աշխարհի առաջնությունում խաղարկվում են Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրերը: 1-5 տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: