14 սեպտեմբերի 2011 - 09:15 AMT
Վերջապես Առաքելական եկեղեցին աղանդավորների դեմ պայքարում դիմում է գործնական քայլերի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում-սեմինար` նվիրված տարրական դպրոցում «Քրիստոնեական կրթություն» առարկայի փորձնական ծրագրին: Ըստ էության՝ այն պետք է փոխարինի արդեն մի քանի տարի դասավանդվող «Հայ Եկեղեցու պատմություն» առարկային։

Առաքելական եկեղեցու հայրերը աղանդավորների բողոքները զսպելու համար նշում էին, որ այն զուտ հումանիտար առարկա է՝ պատմություն, թվեր, փաստեր։ Սակայն այս նոր տարբերակի անունն արդեն իսկ հուշում է՝ այն տարածելու է քրիստոնեական արժեքները, դաստիարակելու ու կրթելու է քրիստոնյաներ։ Ու քանի որ ծրագիրը մշակում է Էջմիածինը, բնականաբար, այդ կրթությունը կբացառի «աղանդավորական դաստիարակությունը»։

Կարող ենք միայն ենթադրել՝ ինչ արձագանք սա կարող է ունենալ աղանդավոր մայրերի ու հայրերի մոտ, քանի որ «Խղճի ու կրոնի ազատության» մասին ՀՀ օրենքի նոր նախագծի համաձայն՝ երեխային չեն կարող ներառել կրոնական որևէ շարժման կամ միջոցառման մեջ, նրան չեն կարող քարոզել առանց ծնողի համաձայնության։ Սակայն, վերջապես աղանդավորների կարծիքը հաշվի չեն առնում, ու վերջապես դիմում են իրական, շոշափելի ու գործնական քայլերի նրանց դեմ պայքարում։

«Քրիստոնեական կրթության» ուսումնական փորձնական ծրագիր դեռևս մշակված է միայն 2-4-րդ դասարանների համար և կուսուցանվի միայն 25 դպրոցներում: Սակայն, ծրագրվում է առարկայի ուսուցանումը բոլոր աստիճաններում՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում։