17 սեպտեմբերի 2011 - 17:02 AMT
«Յունիբանկը» ընթացիկ տարին նախատեսում է ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով

Այս տարվա նոյեմբերի սկզբին Յունիբանկը նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկում սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Սեփականպրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:

Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել «ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ» ռուսաստանյան խոշորագույն ընկերությունից: Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը, աջակցությունն էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև լոյալության համալիր ծրագրի իրականացումը, որի մեկնարկը Յունիբանկը ծրագրել է այս տարվա հոկտեմբերին: «Սեփական պրոցեսինգային կենտրոնի շահագործումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալները, բարձրացնել անվտանգության մակարդակը և էլ ավելի բարելավել քարտերի սպասարկման որակը: Զգալի կընդլայնվի նաև բանկի քարտային ծառայությունների տեսականին` իր մեջ ներառելով համատեղ ծրագրեր արտադրողների և առևտրային ցանցերի հետ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նա հայտնեց, որ սեփական պրոցեսինգի գործարկումից հետո Յունիբանկը կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:

Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 73 հազար: Յունիբանկի սեփական ցանցը ներառում է 79 բանկոմատ և 640 POS- տերմինալ: «Քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է ծառայությունների լայն տեսականի, այդ թվում օվերդրաֆտների գծով, որոնց պորտֆելը գերազանցում է 11 մլրդ դրամը: Ընթացիկ տարին նախատեսում ենք ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով»,-նշեց Մ.Հակոբյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: